ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ սեպտեմբերի 13-14-ին՝ ժամը 12:00-19:00, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կկայանա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնի 3-րդ միջոցառումը։

Փառատոնին կմասնակցեն հայ և վրացի վարպետներ՝ ցուցադրելով իրենց մշակութային ստեղծագործությունները։ Այս միջոցառումը կդառնա հայ և վրացի ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, փոխհարստացման և հանրահռչակման համար մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ։ Փառատոնի ընթացքում կանցկացվի նաև հայկական և վրացական ազգային տարազների ցուցադրություն՝ ներկայացնելով երկու ժողովուրդների ավանդական հագուստները։

Միջոցառման նպատակն է խթանել միջմշակութային համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում, աջակցել վարպետների ստեղծագործական գործունեությանը և նպաստել արհեստների ու արվեստի արժևորմանն ու տարածմանը։