ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կայացել է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որը դարձել է ոչ նյութական մշակութային ժառանգության նշանակալի իրադարձություններից մեկը։
Միջոցառումը վառ կերպով ցուցադրել է հայկական մշակույթի բազմերանգ դրսևորումները՝ ներառյալ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարի և փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդերի պատրաստումը, ազգային տարազը և այլ արհեստներ։
Այս տարի փառատոնը միավորել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից։ Նրանք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրահատուկ աշխատանքներ։
Հատուկ ուշադրություն է գրավել Վրաստանի արհեստագործների միության մասնակցությունը։ Վրացի վարպետները ցուցադրել են խեցեգործական նուրբ իրեր, զարդեր և հուշանվերներ, որոնք արտացոլում էին վրացական ավանդույթների յուրօրինակությունը։ Ի լրումն ցուցադրության, նրանք անցկացրել են վարպետության դասեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների մոտ։
Փառատոնի կարևոր իրադարձություններից էր հայկական և վրացական ազգային տարազների ցուցադրությունը, որն ընդգծել է երկու ժողովուրդների հագուստների գույների և ոճերի բազմազանությունը։
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը կարևոր հարթակ է ժողովրդական արհեստների պահպանման և հանրահռչակման համար։ Այն նաև խթանում է միջմշակութային համագործակցությունը և տարածաշրջանային փորձի փոխանակումը։

