«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Փառատոնը նպատակ ունի խթանելու Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, գորգագործության, ասեղնագործության, տեքստիլի և կավագործության պահպանումն ու զարգացումը։

Միջոցառման ընթացքում մարզերից ժամանած վարպետները ցուցադրել են իրենց ձեռագործ ստեղծագործությունները։ Հյուրերը հնարավորություն են ունեցել ձեռք բերելու այդ աշխատանքները, մասնակցելու վարպետության դասընթացների և փորձարկելու իրենց հմտությունները արհեստագործության մեջ։

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է «Իմ Հայաստան» ծրագրի և փառատոնի դերը՝ հայկական մշակույթի արժեքների հանրահռչակման և միջազգային ճանաչում ձեռք բերելու գործում։

Այս փառատոնը, որն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ՝ «Տերյան» մշակութային կենտրոնի և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցությամբ, կազմակերպվել է արդեն չորրորդ անգամ։