ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը։

Փառատոնի նպատակն էր խթանել Հայաստանի թանգարաններում հուշանվերային արտադրանքի օգտագործումը՝ որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև նպաստել ավանդական արհեստների վերածննդին և զարգացմանը։

Երկօրյա միջոցառումը համախմբել էր Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Երևանից և Արցախից ժամանած ավելի քան 50 վարպետների։ Ցուցադրվել են ավանդական արհեստներ, այդ թվում՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն, մետաղագործություն և այլն։ Այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասընթացների և ձեռք բերելու վարպետների նոր ստեղծագործությունները։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «ՆՈՎԻԿԱ» միջազգային առցանց հարթակի նախագահ Արմենիա Ներսեսյանը, ինչպես նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր և մշակույթի սիրահարներ։

Աստղիկ Մարաբյանն ընդգծել է արհեստագործության պահպանման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և համայնքների կայուն զարգացման կարևոր գործոն։

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը հարթակ է, որն ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական համայնքների միջև կապերի ամրապնդմանը և արհեստագործների միջև փորձի փոխանակման ու հետագա համագործակցության խթանմանը։